Սարմեն (1901-1984)


    Բանաստեղծ Սարմենը (իսկական անունը` Արմենակ Սարգսյան է) ծնվել է 1901 թվականին, Արևմտյան Հայաստանի Ռշտունիք գավառի Պախվանց գյուղում:

    1915 թ. Սարմենը զրկվում է ծնողներից, որոնք ազգային արհավիրքի` մեծ եղերնի զոհեր են դառնում:

    Պատանի Սարմենը պապի հետ մեծ դժվարություններով գաղթում է Անդրկովկաս, լինում է Գանձակի, Ծաղկաձորի, Լենինականի և Երևանի մանկատներում:

    1924 թ. Սարմենն ավարտում է Լենինականի մանկավարժական տեխնիկումը և զբաղվում ուսուցչությամբ: 1926 թվականին ընդունվում է Երևնաի պետական համալսարանի պատմագրական ֆակուլտետը և այն ավարտում է 1932 թ.: Այնուհետև նա աշխատում է ՀՍՍՀ ժողկոմսովետին կից ռադիոկոմիտեում և այլուր:

    Սարմենը գրել սկսել է վաղ հասակից: 1925 թվականին Լենինականում լույս է տեսնում նրա առաջին գրքույկը` «Դաշտերը ժպտում են» , տասը տարի հետո` բանաստեղծությունների «Սրտի ձայնով», «Հատընտիր»,  «Գագաթային կարոտը», «Հայրենի տուն», «Կարոտի կրակներ», «Հայոց սիրտ» Ժողովածուները: 1967 թ. «Հայաստան» հրատարակչությունը լույս ընծայեց Սարմենի ընտիր երկերի երկհատորյակը:

    Սարմենի տեքստերով գրված շատերին հայտնի երգերը հաճելիորեն հնչում են ռադիոբարձրախոսներից, հեռուստատեսությամբ, համերգային բեմահարթակներից:

    Նախկին Սովետական կառավարությունը բարձր գնահատելով Սարմենի ծառայությունները մեր գրականությանը, նրան պարգևել է «Կարմիր աստղ», «Պատվո նշան» շքանշաններով:

    1967 թվականին Հայաստանի գերագույն սովետը Սարմենին արժանացրեց ՀՍՍՀ կուլտուրայի վաստակավոր գործչի պատվավոր կոչման:

    ____________________________________________________________________________________
    Տարածել